Թերթը գրում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին ձերբակալել էր Ճանապարհային ոստիկանության ծառայության Երեւանի հաշվառման-քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին՝ վարորդական իրավունքի վկայական հատկացնելու դիմաց 150 հազար դրամ կաշառք ստանալու համար:
Կեսօրին արդեն ոստիկանապետն արտահերթ նիստ է հրավիրել: Բանն այն է, որ վերջին ամիսներին Գասպարյանը պարբերաբար նիստեր է հրավիրել եւ նախազգուշացրել, որ կաշառքի դեպքերը շատ խիստ պատժվելու են, չեն խնայելու ոչ մեկին: Չեն ներվելու նաեւ նրանք, ովքեր այդ մասին իմացել են եւ լռել: Դա է պատճառը, որ ոստիկանապետը երեկ սարսափելի զայրացած է եղել եւ «իրերն իրենց անուններով է կոչել»: Հենց նիստի ժամանակ նա հայտարարել է հաշվառման-քննական բաժնի մի շարք աշխատակիցների աշխատանքից ազատման մասին՝ գուժելով, որ մյուսների հրամանները կլինեն առաջիկայում: Չի բացառվում, որ փոխվի նաեւ ՃՈ պետը:
«Դուք ինձ զրկել եք մարդկանց աչքերի մեջ նայելուց, դուք ինձ անձնական վիրավորանք եք հասցրել, ձեր արարքը դիտում եմ որպես դավաճանություն, իսկ ես դավաճաններին չեմ ներում»,-մոտավորապես այսպես է ասել ոստիկանապետը: Ասում են՝ համազգեստավորները «քրտնած» են լքել դահլիճը՝ երանի տալով ճաղերի հետեւում հայտնված իրենց գործընկերոջը: Վ. Գասպարյանը բաց տեքստով ասել է, որ առաջիկա կադրային հեղափոխությունը լինելու է իրական կադրային ջարդ:
Մինչդեռ վերջին օրերին ճանապարհային ոստիկանները ձեռքները շփելով սպասում էին հունիսի 2-ին, երբ ուժի մեջ կմտնեն երթեւեկության տուգանքների բազմակի թանկացման մասին որոշումները: Այնպես որ փող աշխատել թերեւս չի հաջողվի: Ի դեպ, ոստիկանապետն ակնարկել է, որ նման կաշառքի դեպքերի բացահայտումներ սպասվում են նաեւ անձնագրայինի ոլորտում:
Նշենք, որ ձերբակալված Արսեն Կյուրեղյանը շուրջ 6 տարի աշխատել է Ռազմական ոստիկանությունում: Եղել է ՌՈ զինվորական ունեցվածքի պահպանության բաժնի պետը: Նրան ճանաչողները զարմանքով են արձագանքել դեպքին: Տեղեկացանք, որ Կյուրեղյանն ԱԺ խորհրդարանական ընտրություններին Թալինում շատ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին,- գրում է «Հրապարակը»:




























