Թուրքիայի իշխանությունները մեղադրել են հայտնի երաժիշտ եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սային  կրոնական արժեքները վիրավորելու եւ թշնամություն սերմանելու մեջ: Ինչպես հայտնում է  երաժիշտի փաստաբանը, դատը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերին Ստամբուլում:

Եթե Սայը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնումէ  մեկ ու կես տարվա ազատազրկում, հայտնում է Agence France-Presse-ը:  42-ամյա դաշնակահարը մտադիր է ներկա լինել դատական լսումներին:

Թուրքիայի պահպանողականների շրջանում Սայի Twitter-ում գրած խոսքերն իսլամի մասին բուռն դժգոհություն են առաջացրել:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ թուրք երգահան եւ դաշնակահար Ֆազիլ Սայը հայտարարել է, որ Թուրքիայում պահպանողական իսլամի աճն իրեն ստիպում է երկրից հեռանալ եւ բնակություն հաստատել Ճապոնիայում: Երբ երաժիշտը հրապարակայնորեն հայտարարել է աթեիստ լինելու մասին, նրա նկատմամբ հայրենիքում հալածանքներ են սկսվել:

Hürriyet թերթի հետ հարցազրույցում Ֆազիլ Սայն ասել է, որ ալլահին չհավատալու իր հեգնական հակաիսլամական  մեկնաբանությունների եւ  հայտարարությունների կտրուկ արձագանքը երեւան է հանել  թուրքական հասարակության հոգեւոր անհանդուրժողականությունը: Մասնավորապես,  իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայարը երգահանին անվանել է  «անառակի որդի»:  «Երբ ասացի, որ ես աթեիստ եմ, բոլորն սկսեցին ինձ վիրավորել, իսկ թվիթերում իմ հաղորդագրությունները հետաքրքրություն առաջացրին իրավապահ մարմինների մոտ: Հավանաբար, ես աշխարհում առաջին մարդն եմ, որը ենթարկվում է դատական հետապնդման աթեիզմի համար», - պատմել է Սայը: