«Ժառանգություն» կուսակցությունը իր արտահերթ համագումարում, ոչ մի քաղաքական ուժի հատուկ հրավեր չի ուղարկել, այդ թվում նաեւ` ԱԺ ընտրություններից առաջ իրենց ցուցակում ընդգրկված «Ազատ դեմոկրատ» կուսակցության անդամներին: Այս մասին այսօր` հունիսի 2-ին հրավիրված «Ժառանգության» արտահերթ համագումարում ասաց Անահիտ Բախշյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված այդ հանգամանքը, Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենք բաց են բոլորի համար, իսկ եթե ինչ-որ մեկին հրավեր առանձնացնեին, կնշանակեր, որ այդքան էլ բաց չեն: Համագումարը դեռ չի մեկնարկել, բայց այլ քաղաքական ուժերից դեռ ոչ ոք չկա:

Ներկա են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ այլ ժառանգականներ: