Հունիսի 1-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի  ծառայողները, թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով, Մրգավան գյուղի վերջնամասում գտնվող երկաթգծին հարակից դաշտից, իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին եւ երկու ուղեւորներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է գազօջախ` 3 կգ տարողությամբ, մետաղյա տարայի մեջ լցված մոտ 24 գ անգույն, յուրահատուկ հոտով թմրանյութի նմանվող հեղուկ` սպիտակ փոշենման զանգվածի նստվածքով, 1,5 լ տարողությամբ պոլիէթիլենային տարայի մեջ լցված բենզինի հոտով մոտ 300 գ դեղնավուն հեղուկ` սպիտակ նստվածքով, «Կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ պատիճ, «Դիմիդրոլ» տեսակի դեղորայքի  2 պատիճ` դեղահաբերով, եւ 5 մլգ տարողության 2  ներարկիչ:

Բերման ենթարկվածները  խոստովանել են, որ հիշյալ ավտոմեքենայի սրահում գազօջախի վրա պատրաստել են թմրանյութ` ներարկելու միջոցով օգտագործելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: