12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ եւ փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ), Վիեննայի քաղաքապետարանի մամուլի եւ տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ, մասնակցել են 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին:
Նախաձեռնության իրականացմանն աջակցել են Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումը, Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁԶԱԿ), ավստրիական «PANPLAN» խորհրդատվական ընկերությունը ու Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:
Ուսումնառության ժամանակ մասնակիցներն այցելել են գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, գինեգործների եւ գինեվաճառների Ավստրիայի հիմնական գինեգործական շրջաններում` Աուերսթալ, Կլոսթերնոյբուրգ, Լանգենլոիս, Ռորեն, Կրեմս, Այզենշթադ, Թրաուսդորֆ, Կայնդորֆ, Զիլբերբերգ, Կոբենցլ, Վիեննա, Շթիֆթ Գյոթվայգ: Գիտելիքներ են ձեռք բերել Ավստրիայի խաղողի տարբեր սորտերի մշակման, աճեցման, արտադրության, շշալցման, պահպանման, մատակարարման եւ մարքեթինգի վերաբերյալ: Կատարել են փորձի փոխանակում եւ կապեր հաստատել ավստրիացի գինեգործների եւ գինեվաճառների հետ:
Ուսումնառության ավարտի կապակցությամբ երիտասարդ գինեգործները հյուրընկալվեցին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանի, Ավստրիայի Արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի, Արեւմտյան Բալկանների, Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչության պետ Տիկին Հայդամարիա Գյուրերի եւ Հայաստանում ու Ուզբեկստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան դոկտոր Ալոիս Կրաուտի կողմից: Երիտասարդ գինեգործներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր:




























