Սփանջ Բոբ կոչվող կատուն, որը կշռում է 13,6 կգ եւ բնակվում է Նյու Յորքի կենդանիների կացարանում, սկսել է դիետա պահել:

Ինչպես հաղորդում է  բրիտանական «The Daily Telegraph»-ը,  9-ամյա Բոբը  հիմա հետեւում է  հատուկ ֆիտնես ռեժիմի: Կացարանի աշխատակիցները նրա համար հատուկ վարժություններ են մտածել, որոնք կօգնեն, որպեսզի Բոբն ազատվի ավելորդ քաշից: Որոշակի արդյունք արդեն կա.  երկու ամսվա ընթացքում նա արդեն նիհարել է 1,36 կգ-ով:

Հնարավոր է, որ Սփանջ Բոբը ներկայումս աշխարհի ամենագեր կատուն է` Նյու Մեքսիկոյում բնակվող եւ 17,69 կգ կշռող Մյաու կատվի մահվանից հետո:

Կենդանիների կացարանի փոխտնօրեն Կենդրա Մարան նշել է, որ այդ քաշը նորմալ չէ կատուների համար: «Կատարվել են անալիզներ, պարզվել է , որ նա հիվանդություններ չունի, նշանակում է պատճառը սնունդն է»:

Կացարանի աշխատակիցները հուսով են, որ նա ամսական կնիհարի 0,5-ից մինչեւ մեկ կգ, եւ ութ ամսից նորմալ չափերի կհասնի: