Նալբանդյան 106/1 հասցեի հարակից շենքերի բնակիչներն այսօր կրկին դուրս էին եկել բողոքի ակցիայի: «Մեր բակը՝ կանաչ քառակուսի» խորագիրը կրող ակցիային, որը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան, մասնակցել են  նաև բակի երեխաները:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ տարածքի կառուցապատող «Ավագ Շին» ՍՊԸ ներկայացուցիչները ոստիկանների ներկայությամբ բռնի ուժի կիրառմամբ ճանապարհ բացեցին շինտեխնիկայի համար, որը մտավ նշված Նալբանդյան 106/1 ներբակային տարածք և տապալեց տասնյակ հաստաբուն և կենսունակ ծառեր:

Որպես այս գործողությունների հիմք էր ներկայացվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի ստորագրությամբ մի գրություն, համաձայն որի ծառերից մի քանիսը պետք է տեղափոխվեին, իսկ մնացածը հատվեին: Հատկանշական է, որ նույն Մարտիրոսյանի կողմից «Ավագ Շին»  ՍՊԸ տնօրենությանը 16.12.2011թ. տրված N17/46674հ գրությամբ «Ավագ Շին» ՍՊԸ տնօրեն Լ. Մովսեսյանին տեղեկացվել էր, որ Նալբանդյան 106/1-ում «շինարարական աշխատանքներին խոչընդոտող թվով 14 ծառերը կենսունակ են», իսկ դրանց տեղափոխումը համարվում է «ոչ նպատակահարմար, քանզի դրանց կպչողականությունը երաշխավորված չէ»: Միաժամանակ գրության մեջ նշվել էր, որ ծառերի հատման կամ տեղափոխման հարցը կարող էր քննարկվել միայն բնապահպանական փորձաքննության դրական արդյունքների առկայության պարագայում:

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունից News.am-ին հայտնեցին, որ քաղաքային իշխանություններից իրենց ստացած կցկտուր պատասխանից ընդամենը մի քանի օր հետո ստորագրված նոր փաստաթուղթը, որի հիման վրա ներբակային տարածքը անապատացվեց, կվիճարկվի բնակիչների շահերը պաշտպանող փաստաբանի միջոցով:

Իրենց բակի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին այսօր արդեն միանում են բազմաթիվ խմբեր, քաղաքացիական նախաձեռնություններ, և շարժումը գնալով հզորանում է:  Ակտիվիստները վստահ են, որ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու գործելակերպը պետք է շարունակական լինի, իսկ Թռչկանի և Մաշտոցի պուրակի հաջողված գործընթացները արդեն իսկ դրական նախադեպեր են քաղաքացիական պայքարի հետագա փուլի համար: