Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաձգել է իր այցը Իրան։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ազգային Ժողովի մամլո ծառայությունից։

Հայկական պատվիրակությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ նախատեսում էր հունիսի 20-ին մեկնել Իրան։ Թեհրանում հայկական պատվիրակությունը պիտի հանդիպեր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայեդ Ջալիլիի հետ։

Հիշեցնենք, որ Իրան պաշտոնական այցի որոշումը կայացվել էր ԻԻՀ Մեջլիսի անդամ Արսլան Ֆաթխիփուրի գլխավորած հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի հետ մայիսի 12-ին Հովիկ Աբրահամյանի հանդիպումից հետո, որի ժամանակ Ֆաթխիփուրը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել էր Իրան ։

Նշենք, որ Իրանի նախագահական ընտրություններից հետո ներրքաղաքական իրավիճակը կտրուկ ապակայունացավ։ Ընդդիմության ու ոստիկանության առճակատման հետեւանքով տարբեր տվյալներով զոհվել է 2 տասնյակից ավելի մարդ։