Եթե Թել Ավիվը ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, Իրանը «ջախջախիչ հարված» կհասցնի նրան: Այս մասին, ինչպես փոխանցում է «Իզվեստիան», հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Խամենեի խոսքով` Արեւմուտքը «ստում է» Իրանում իբր ստեղծվող միջուկային զենքի մասին` սեփական տնտեսական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար: «Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ կարող է առաջ ընթանալ առանց ԱՄՆ-ի` լինելով ԱՄՆ-ի թշնամին: Միջազգային քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ-ները խոսում են Իրանի միջուկային վտանգի մասին: Ես ասում եմ, որ նրանք ստում են: Այն, ինչից նրանք վախենում են եւ պետք է վախենան, դա ոչ թե միջուկային, այլ իսլամական Իրանն է»,-Խամենեիի խոսքերն է փոխանցում Daily Telegraph-ը: