Թուրք գրող եւ լրագրող Ֆահիմ Թաշ Թեքինը վստահ է , որ մայիսի 25-ին Ալ Հուլայում արյունալի կոտորածը Սիրիա ռազմական ներխուժման հերթական փորձն է: Թուրքական  «Ռադիկալ» թերթում հրապարակված հոդվածում նա ընդգծել է, որ, Ալ Հուլայում արյունալի կոտորածի մասին լուրից հետո թուրքական կառավարությունը, չսպասելով հետաքննության արդյունքներին, անմիջապես ամեն ինչում մեղադրել էր պաշտոնական Դամասկոսին, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական  «ՍԱՆԱ» գործակալությունը:

Միաժամանակ, շարունակում է գրողը, ընդդիմությունը Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանից պահանջել էր հայտարարել Սիրիական Արաբական Հանրապետությունում կարգավորման նրա ծրագրի տապալման մասին: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը եւ նրա համախոհները փորձում են  տապալել Անանի նախագիծը եւ, սպառազինելով ընդդիմությանը, նպատակ են հետապնդում երկրում բորբոքելու  քաղաքացիական պատերազմի կրակը:

Ալ Հուլայում գազանաբարո հանցագործության առնչությամբ պատասխանատվության վերաբերյալ որեւէ եզրահանգումներ անելու համար, ասել է նա, պետք է գնահատել ունեցած բոլոր փաստերը, այդ թվում  ահաբեկչական խմբավորումների տնօրինության տակ եղած զենքը, Թուրքիայի մասնակցությունը գրոհայինների պատրաստականության գործում եւ սիրիական հանձնաժողովի հետաքննության արդյունքները, ըստ որի` 700 մարդուց բաղկացած հանցախումբը հարձակվել էր  մի քանի անցակետերի վրա եւ սպանել խաղաղ բնակիչներին: 

Թուրք գրողը նշել է, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել, եւ միայն նրա արդյունքների հրապարակումից հետո մեղադրել որեւէ մեկին հանցագործության կատարման մեջ: Նա դատապարտել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում` ՄԱԿ-ին, որոնք, հստակ փաստեր չունենալով, շտապ մեղադրանքներ են առաջադրել: