ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Սիրիայում իրավիճակը գնահատում է որպես ծայրահեղ կետի հասած: Այդ մասին նա հայտնել է ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի մամլո ծառայությունը:
«Քոֆի Անանի հետ Սիրիայի իրավիճակը քննարկելուց հետո մենք հասկացանք, որ արյունահեղ բախումներից 15 ամիս անց այն ծայրահեղ կետի է հասել: Ներկայումս ոչ մի գործողություն ի վիճակի չէ հանգեցնել բռնության անմիջական դադրեցման եւ լիարժեք քաղաքական գործընթացի սկսման», - հայտարարել է Էշթոնը: «Սակայն մենք պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկենք աղետի կանխման համար, որը կարող է ընդգրկել ողջ տարածաշրջանը», - ավելացրել է նա, հաղորդում է rbc-ն:
Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ Սիրիայի խնդրի լուծման մեջ կարեւոր է Ռուսաստանի դիրքորոշումը: Նա նաեւ ցանկություն է հայտնել ավելի սերտ համագործակցել ռուսական կողմի հետ տվյալ հարցի լուծման առումով:




























