ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ այցելության շրջանակում, այսօր` հունիսի 4-ին, ժամանում է Հայաստան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այցի շրջանակում նախատեսված են ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեւանում բանակցությունների օրակարգում կլինեն բազմազան հարցեր, որոնք կվերաբերեն հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Հայաստանում Քլինթոնը կհանդիպի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հունիսի 5-ին Բաթումիում Հիլարի Քլինթոնը կբացի Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստը եւ կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:
Բաքվում Պետդեպարտամենտի ղեկավարը հունիսի 6-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հունիսի 7-ին Հիլարի Քլինթոնը կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին:
Հայաստան իր նախորդ այցը Հիլարի Քլինթոնը կատարել էր 2010 թվականի հուլիսի 4-5-ին: Այցի շրջանակներում հանդիպումներ էին տեղի ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բանակցությունների օրակարգում ընդգրկվել էր հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:




























