Մոսկվայում հատուկ նշանակության ջոկատը ձեռքից բաց է թողել հյուսիսօսական խմբավորման անդամ Ինալ Զասեեւին:
Ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների` հանցագործին հետեւել են: Պարզվել է, որ մայիսի 2-ին նա իր ծանոթին հանդիպում էր նշանակել Նախիմովսկի պողոտայում: Այդ օրն են նշանակել հատուկ գործողությունը, որին ներգրավվել էր հատուկ նշանակման ջոկատը:
32-ամյա կասկածյալն զգացել է, որ իրեն հետեւում են, եւ ցատկել է իր ծանոթի Bentley մեքենան: Սկսվել է հետապնդումը, որոշ ժամանակ անց հաջողվել է կանգնեցնել մեքենան: Սակայն այնտեղ միայն վարորդն է եղել: Ուժայինները փնտրել են Մոսկվայի հարավ-արեւմուտքը, սակայն այդպես էլ չի հաջողվել գտնել Զասեեւին:
Ըստ հետաքննության` Զասեեւը եղել է այն խմբավորման անդամ, որի ղեկավարն է եղել Բոտե մականունով Օլեգ Գագիեւը: 2008 թվականին խմբավորումը մի քանի պատվերով սպանություններ է իրականացրել, այդ թվում նաեւ Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալի Կարաեւի սպանությունը, այդ նույն քաղաքի նախկին քաղաքապետ Կազբեկ Պագիեւի սպանությունը վարորդի հետ միասին, ինչպես նաեւ հանցավոր հեղինակություն Բզո մականունով Էդուարդ Կուսրաեւի սպանությունը:
Բոտեն մտերիմ օգնական Ալեքսանդր Ջուսոեւի հետ ձերբակալվել էր 2010 թվականին` մոսկովյան ռեստորանից դուրս գալիս:
Հանցախմբի առաջնորդին տվել են ցմահ բանտարկություն, իսկ Ջուսոեւը 25 տարվա գաղութի է դատապարտվել:


























