Մայիսի 31-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Արամայիս Հ.-ն: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ բժիշկի տեղեկանքի՝ տուժողը գտնվել է դեղորայքի ազդեցության տակ եւ չի կարողացել բացատրություն տալ, հնարավոր չի եղել նաեւ կատարել ալկոհոլային փորձաքննություն:
Ըստ տուժողի հոր բացատրության՝ որդին ճանապարհատրանսպորտային պատահարի չի ենթարկվել, իսկ վնասվածքը ստացել է սայթաքելու եւ իրեն պատկանող, կայանված «Նիսսան Պատֆայնդեր» մակնիշի ավտոմեքենայի դռանը դիպչելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 30-ին, Շահումյան փողոցում գտնվող «Պրինց» ռեստորանի մոտակայքում Քաջարան քաղաքի 2 բնակիչների՝ Գառնիկ Ղ.-ի եւ Մանվել Փ.-ի հետ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ:
Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:




























