Հայտնի են դարձել այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով վիրավորված 5 զինվորի եւ 1 սպայի ինքնությունը:
ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վիրավորներն են. ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ըստ այդմ, նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: NEWS.am-ի տեղեկություններով, 3 ժամկետային զինծառայող մահացել է, իսկ 5-ը` վիրավորվել: Եվս մեկ զինվոր վիրավորվել է Բերդավան գյուղի ուղղությամբ: Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:




























