Վեց տարի առաջ Հայաստանի կառավարությունն ընդամենը 4-5 մլն դոլար չգտավ էլեկտրոնիկայի վերականգնման համար: Այդ մասին, այսօր` հունիսի 4-ին, հայտարարել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը:

«5-6 տարի առաջ մեր գիտությունն ուներ կարմիր եւ կանաչ էմիսիայի աղբյուրներ: Ունենալով երրորդը` կապույտը, մենք կարող էինք սպիտակ լույս ստանալ: Այն ժամանակ լուսադիոդների տեխնոլոգիաների ուղին մեզ համար բաց կլիներ, եւ մեր միկրոէլեկտրոնիկան կվերականգնվեր»,- ասել է Ղազարյանը` հավելելով, որ կառավարությունը հրաժարվեց միջոցներ հատկացնել այդ տեխնոլոգիայի գնման համար:

«Ես դիմեցի բոլորին` նախագահին, խոշոր կուսակցությունների ղեկավարներին, բայց ոչ ոք չհամաձայնեց գումարներ տրամադրել: Իսկ մասնավոր բիզնեսը, որ հրապուրված է արագ փողերով, մոտ չեկավ: Այսպես մենք կորցրինք խորհրդային ժամանակներում եղած գիտնականների եւ ինժեներների կադրային բազան` մեր գիտությունը վերադարձնելու հնարավորությունից»,- նկատել է Ղազարյանը:

«Դա միայն մեկ օրինակ է, թե ինչ կարող էինք անել, եթե պետությունը մեզ աջակցեր: Իսկ կառավարությունը միայն սովորել է մի քանի արտահայտություններ` «գիտելիքահենք տնտեսություն», «գիտելիքների վրա հիմնված հասարակություն», իսկ հիմնարար գիտության մասին մոռացել են»,- ցավով նշել է գիտնականը:

Նա նշել է, որ ըստ 2002թ. ընդունված օրենքի գիտության ֆինանսավորմանը պետք է հատկացվի բյուջեի ծախսային մասի ոչ պակաս, քան 3 տոկոսը, բայց ամեն տարի այդ դրույթը չի կատարվում: