Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իրանի եւ Աֆղանստանի առաջնորդներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Համիդ Քարզայի հետ:

Ինչպես լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը մտադիր է ակտիվորեն օգտվել բազմակողմանի ձեւաչափից, որպեսզի երկկողմ հանդիպումներ անցկացնի միջազգային կարեւորագույն խաղացողների հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ահմադինեժադի հետ հանդիպումը Վլադիմիր Վլադիմիրովիչին թույլ կտա անձամբ զգալ իրանական հիմնախնդրի շուրջ կրքերի բորբոքումը եւ այն, թե ինչպես են ընկալում այդ իրավիճակը Թեհրանում», - նշել է Ուշակովը: Նա ավելացրել է, որ երկու առաջնորդների զրույցը հատուկ նշանակություն ունի հունիսի 18-19-ին Մոսկվայում իրանական խնդրի շուրջ կայանալիք բանակցությունների համատեքստում:

Համիդ Քարզայի հետ կվերանայվեն Աֆղանստանում անվտանգության եւ թմրավտանգի դեմ պայքարի հարցեր:
ՇՀԿ-ի գագաթաժողովը տեղի կունենա Պեկինում` հունիսի 6-7-ին: