«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են սոցիալական ծրագրերի իրականացման ոլորտում  համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով: Համագործակցության շրջանակներում ստեղծվելու է ներառական թատերական խումբ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սաները կներգրավվեն մանկական թատերական ներկայացումներում, որոնք բեմադրվելու են փորձառու թատերական մասնագետների եւ մանկական հոգեբանների օգնությամբ:

 «Այս նախաձեռնության շնորհիվ հատուկ կարիքով երեխաները հաղորդակից են դառնում թատերական արվեստին, ինչը լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի եւ հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաեւ հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», - ասել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Վորլդ Վիժնը հիմնել է Մանկական զարգացման հիմնադրամը եւ այս կերպով շարունակում է աջակցել հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրների վերհանմանն ու լուծմանը», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների ղեկավար Շաղիկ Մարուխյանը:

Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ներառական եւ հանրակրթական դպրոցներում: Առաջին ներկայացումը հասանելի կլինի հայ հանդիսատեսին սեպտեմբերի սկզբին: