Քիչ առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այցի շրջանակում նախատեսված են ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երեւանում բանակցությունների օրակարգում կլինեն բազմազան հարցեր, որոնք կվերաբերեն հայ-ամերիկյան համագործակցության  զարգացմանը եւ ամրապնդմանը, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Հայաստանում Քլինթոնը կհանդիպի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով եւս հանդիպելու է Քլինթոնի հետ, խոստացել է նրա առաջ բարձրացնել շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված իր մտահոգությունները, որի հետեւանքով սահմանին հայ զինվորներ են զոհվում:

Հունիսի 5-ին Բաթումիում Հիլարի Քլինթոնը կբացի Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի նիստը եւ կհանդիպի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

Բաքվում Պետդեպարտամենտի ղեկավարը հունիսի 6-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հունիսի 7-ին Հիլարի Քլինթոնը կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին:

Հայաստան իր նախորդ այցը Հիլարի Քլինթոնը կատարել էր 2010 թվականի հուլիսի 4-5-ին: Այցի շրջանակներում հանդիպումներ էին տեղի ունեցել  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բանակցությունների օրակարգում ընդգրկվել էր հայ-ամերիկյան համագործակցության  զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: