Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի առաջարկությամբ այսօր` հունիսի 4-ին, նշանակել է կառավարության անդամներից երեքին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, Սերժ Սարգսյանի հրամանագրերով Էդվարդ Նալբանդյանը, Սեյրան Օհանյանը եւ Արմեն Երիցյանը համապատասխանաբար նշանակվել են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարների պաշտոններում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի նախագահին, որն ընդունվել է: Դրանից հետո Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակել է վարչապետ, իսկ գործող նախարարներն այս պահի դրությամբ նախարարի պաշտոնակատարներ են:




























