«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական զորամիավորումների կողմից շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, որի հետեւանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող եւ կան վիրավորներ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
«Մենք գտնում ենք, որ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի եւ պահանջում ենք միջազգային հանրությունից համարժեք գնահատական տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ հանդիսացող Ադրբեջանի ագրեսիվ եւ միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող քայլերին:
ՀՀ Պաշտպանության նախարարությունից ակնկալում ենք համապատասխան գործողությունների ձեռնարկում, շփման գծում զգոնության բարձրացում՝ նման դեպքերը բացառելու համար:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին: Մենք կիսում ենք այդ ընտանիքների վիշտը եւ հայտնում մեր զորակցությունը»,-ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):
Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:
Վիրավորներն են ավագ լեյտենանտ Մուշեղ Հարությունի Նուրբեկյանը, ժամկետային զինծառայողներ` Իգիթ Կարենի Հովհանիսյանը, Մաքսիմ Մարտինի Մելքոնյանը, Սեդրակ Սամվելի Շահբազյանը, Արտակ Արթուրի Մնացականյանը, Կորյուն Ռոբերտի Իրիցյանը:
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ զինդատախազը եւ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

























