Դանիայում դատարանը 4 ահաբեկիչների դատապարտել է 12 տարվա ազատազրկման, ովքեր Կոպենհագենում հարձակվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները տպագրած Jyllands-Posten թերթի խմբագրության վրա:

Դատապարտյալներն իրենց մեղքը չեն ընդունել: Դատարանը նաեւ որոշել է, որ պատիժը կրելուց հետո նրանք պետք է արտաքսվեն Դանիայից, հաղորդում է «Ազատությունը»:

Հիշեցնենք, որ Շվեդիայի 3 քաղաքացիներ եւ Թունիսի 1 քաղաքացի 2010 թվականի դեկտեմբերի կալանավորվել էինթերթի վրա հարձակումից ժամեր առաջ:

2005-ին թերթի ծաղրանկարիչ Քուրթ Վեստերգաարդը պատկերել էր Մուհամեդ մարգարեին, որի գլխանոցի փոխարեն ռումբ է եղել: Այս ծաղրանկարները, որոնք արտատպվել էին նաեւ այլ եվրոպական թերթերում, դժգոհության լուրջ ալիք էր առաջացրել մահմեդական աշխարհում:

France Soir թերթի գլխավոր խմբագիրը, ով եւս տպագրել էր այդ ծաղրանկարները, ազատվել էր աշխատանքից:

Որոշ մահմեդական երկրներում Դանիայի դեսպանատները հարձակումների էին ենթարկվել: Ծաղրանկարների հետ կապված բախումներում 50 մարդ էր մահացել: