Հայաստանը խստորեն դատապարտում է վերջին մի քանի օրերին ադրբեջանական կողմի սադրանքները, որի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Երեւանում կայացած համատեղ ճեպազրույցում ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ չբավարարվելով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտմամբ, Ադրբեջանը հիմա փորձում է լարվածությունը տեղափոխել Հայաստանի հետ սահման:

«Ադրբեջանի նմանատիպ գործողություններն ամբողջ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար սպառնալիք են պարունակում»,-հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:

Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան:

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի