Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը հիանալի հիմք է դրանց հետագա զարգացման, ամրապնդման եւ ընդլայնման համար: Այս մասին, այսօր` հունիսի 4-ին, Երեւանում ողջունելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին եւ բացելով համատեղ ասուլիսը, նշեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղարի նախորդ այցելությունը Հայաստան համընկավ ԱՄՆ անկախության օրվա` հուլիսի 4-ի հետ եւ այս այցելությունն, այդ առումով, կրկնակի խորհրդանշական է, քանի որ համընկնում է Երեւանի եւ Վաշինգթոնի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի հետ:

«Այդ համընկնումը դրական ազդակ է տալիս երկկողմ հարաբերություններին: Ավելին, նախորդ եւ այս այցելությունների միջեւ ընկած ժամանակահատվածում մենք բազմաթիվ անգամ հանդիպել են տարբեր միջազգային ֆորումների շրջանակներում»,-նշել է Նալբանդյանն, ընդգծելով, որ Քլինթոնի այս այցելությունը Հարավային Կովկաս, ամեն ինչից զատ, վկայում է տարածաշրջանի նկատմամբ Վաշինգթոնի հատուկ վերաբերմունքի մասին:

Խոսելով հայ-ամերիկյան ջերմ հարաբերությունների մասին, Նալբանդյանը նշել է դրանում ԱՄՆ հայ համայնքի կարեւոր դերի մասին, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղարին, երկկողմ հարաբերություններում ունեցած անձնական մեծ ներդրման համար:

Նալբանդյանը բարձ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, խաղաղապահ առաքելությունների շրջանակում:

Հայաստանի ԱԳ նախարարը նաեւ իր գոհունակությունն է հայտնել Քլինթնոին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցելու, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում ունեցած բացառիկ ներդրման համար:

Բացի այդ, Նալբանդյանը բարձր գնահատական է տվել ԱՄՆ ջանքերին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ: