Solar Impulse արեւային մարտկոցներով ինքնաթիռը հունիսի 5-ի առավոտյան սկսել է Եվրոպայից Աֆրիկա միջցամաքային թռիչքի եզրափակիչ փուլը` Մադրիդից Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթ ուղեւորվելով:
«Արեւային» ինքնաթիռը մայիսի 24-ին մեկնել էր շվեյցարական Փեյերն ավանից եւ հաջորդ օրը նախատեսված տեխնիկական վայրէջքն էր կատարել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Այդ ընթացքում ինքնաթիռը վարել է նրա կառուցողներից մեկը` Անդրե Բորշբերգը: Մադրիդից Ռաբաթ թռիչքի ժամանակ օդանավի կառավարումն ստանձնել է մյուս կոնստրուկտորը` Բերտրան Փիքարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախորդ տարվա հունիսին այդ ինքնաթիռը հաջող թռիչք էր կատարել Շվեյցարիայից Ֆրանսիա եւ Դանիա: Նոր թռիչքը յուրօրինակ փորձ կդառնա 2014 թվականին նախատեսված շուրջերկրյա ճանապարհորդությունից առաջ:
Solar Impulse-ի թեւերի բացվածքը համապատասխանում է Airbus A340-ին (63 մ): Նրա զանգվածը 1,6 տ է, արագությունը` 70 կմ/ժ: Թռիչքի առավելագույն բարձրությունը 8,5 հազար մ է:
12 հազար արեւային մարտկոցներ սնուցում են շարժիչն օրվա ընթացքում: Այդ էներգիան կբավականացնի գիշերային թռիչքին, այդ պատճառով էլ մեկտեղանի ինքնաթիռը տեսականորեն կարող է մշտապես օդում գտնվել:




























