ԱՄՆ չի կարող երկար զսպել Իսրայելի հարձակումը Իրանի վրա, եթե Թեհրանի հանդեպ պատժամիջոցներ չկիրառվեն, ինչն անհնար է անել առանց Պեկինի օգնության։ Այս մասին չինացի իր գործընկերոջ՝ Հու Ձինտաոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է Haaretz թերթը։
Աղբյուրի տվյալներով, այս հայտարարությունն արվել է դեռեւս մեկ ամիս առաջ՝ Օբամայի Պեկին կատարած այցի ժամանակ, որի նպատակը Չինաստանին համոզելն էր՝ խստացնել Թեհրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները։ Հենց այս հայտարարությունն էլ, ամերիկյան վարչակազմի կարծիքով, պատճառ է հանդիսացել այն բանի համար, որպեսզի մեկ շաբաթ անց Չինաստանը ՄԱԳԱՏԷ-ի հետ համատեղ քննադատի Իրանի դիրքորոշումը։
Այսպիսով, պարզ է դարձել, որ Պեկինը համաձայնել է միանալ Իրանի քննադատությանը՝ Օբամայի անձնական խնդրանքից դրդված, եւ դա քաղաքականության փոփոխություն չէ։




























