Նիգերիայում տան փլատակների տակ, որի վրա օդանավ էր ընկել, ողջ մարդիկ են գտել: Փլատակների տակից 5 մարդու են դուրս բերել, որոնցից 4-ին հենց տեղում առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել, իսկ 5-րդին տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես հայտնում է This Day թերթը, այս պահի դրությամբ, փրկարարներին հաջողվել է հայտնաբերել 115 մարդու դիակ:

Նիգերիական Dana Air ավիաընկերությանը պատկանող MD-83 օդանավը, որը Աբուջի-Լագոս չվերթն էր իրականացնում, ընկել է բնակելի թաղամասի վրա, կիսվել ու այրվել:

Քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով, օդանավի երկու շարժիչներն էլ փչացել են, իսկ վայր ընկնելիս օդանավը հարվածել է երկհարկանի շենքին, որտեղ ավելի քան 40 մարդ է բնակվում:

Օդանավում 153 մարդ է եղել, որոնցից 6-ն օդանավի անձնակազմի անդամներն են:

Աղետի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: