Գաղտնի տեղեկատվության փոխանակման համար ամերիկյան փաստաբանին 12 տարվա ազատազրկման են դատապարտել: Տվյալ պահին ԱՄՆ-ում դա ռեկորդային ժամկետ է համարվում ներքին տեղեկատվության առեւտրի համար, նշում է «Օբոզրեւատելը»:
Ըստ մեղադրող կողմի վարկածի, աշխատելով ԱՄՆ ամենահեղինակավոր իրավաբանական ընկերություններից մեկում, Քլաջերն իր հաճախորդների գաղտնի տեղեկատվությունն էր փոխանցում բրոքեր Գարեթ Բաուերին, ինչը նրանց թույլ է տվել վաստակել ավելի քան 37 միլիոն դոլար: Մասնավորապես, նրանք հարստացել էին 11 միլիոն դոլարով` օգտագործելով Oracle ընկերության կողմից Sun Microsystems-ի կայանալիք գնման վերաբերյալ տվյալները:
Իր հերթին Գարեթ Բաուերը հունիսի 4-ին դատապարտվել էր 9 տարվա բանտարկության: Դավադրության եւս մեկ մասնակցի` Քենեթ Ռոբինսոնի դատավճիռը կհրապարակվի հունիսի 5-ին:
Դատական գործընթացի ժամանակ բոլոր երեք մասնակիցներն էլ ընդունել են իրենց մեղքը եւ համաձայնել են վերադարձնել ապօրինի վաստակած միջոցները: Բաուերը վճարել է 31,6 միլիոն դոլար:


























