Ռամկավար ազատական կուսակցության առաջնորդ, համատեղությամբ «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն առաջարկում է խմբագրումներ կատարել հայրենի բառապաշարում: Մասնավորապես, ինչպես պարզվեց հունիսի 5-ի մամլո ասուլիսում, նա դեմ է «ընդդիմադիր» բառին:
Պատասխանելով հարցին` մտադի՞ր է արդյոք նրա ղեկավարած կուսակցությունը քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել եւ մասնակցել նախագահական առաջիկա ընտրություններին, Ավետիքյանը նշեց, որ կուսակցությունն առայժմ զերծ կմնա նման հավակնոտ ծրագրերից:
Ինչ վերաբերում է ընտրություններին այս կամ այն թեկնածուին աջակցելուն, Ավետիքյանը նրբանկատորեն խուսանավեց պատասխանից` հայտարարելով, որ «առայժմ ոչ ոք դեռ թեկնածություն չի առաջադրել»:
Հարցին, թե արդեն հայտնի հավակնորդներից ում են համակրում ՄՌԱԿ-ում (Հայաստան)` ՀՀԿ-ի, թե ՀԱԿ-ի թեկնածուին, նա պատասխանեց, որ «ժամանակը ցույց կտա»: Ընդ որում, Ավետիքյանը բավականին չեզոք է արտահայտվել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների նախընտրական քարոզարշավի մասին, ասելով, որ «անցած ընտրություններում դիտվել են զեղծարարություններ եւ բացասական ուղղվածություններ, որոնք բնորոշ էին նախորդ ընտրություններին: Սակայն ես վստահ եմ, որ խախտումների բացակայության դեպքում պատկերն էլի նույնը կլիներ»:
Լրագրողների համառ փորձերին ի պատասխան, որոնք նպատակ էին հետապնդում պարզել թե վերջապես ում բաժին կհասնի կուսակցության համակրանքը` իշխանություններին թե ընդդիմությանը, Ավետիքյանը «ձիու քայլ» է կատարել եւ հայտարարել, որ նման ձեւակերպումը չի հասկանում: Ինչպես պարզվել է, «ընդդիմադիր մամուլ» հասկացության նշանակությունը նույնպես Ավետիքյանը չի հասկանում: Փոխարենը նա առաջարկել է կիրառել «այլընտրանքային» հասկացությունը:
Քննադատության մեծ բաժին Հակոբ Ավետիքյանը տեղաց նաեւ Հայաստանի կուսակցական համակարգի հասցեին: Ըստ նրա` Հայաստանը փոքր կուսակցությունների կարիք ունի` 5-6 հազարանոց թվաքանակով: Մեծ կուսակցությունները «ոչ թե կեղծում են անդամների քանակը, այլ նրանք մակերեսային են»: « 200-300 կամ նույնիսկ 20 հազար անդամներից բաղկացած կուսակցությունը կարիք ունի մեքենաների, գրասենյակների, իսկ որտեղի՞ց նման միջոցներ», - նշել է Ավետիքյանը: Ըստ նրա` եզրակացությունն այն է, որ Հայաստանում խոշոր կուսակցություններն անմիտ են եւ անհեթեթ:
Ընդ որում, իր ղեկավարած կառույցի անդամների քանակի վերաբերյալ թվեր Ավետիքյանը չի հրապարակել` ցուցակներում ճշգրտություն մտցնելու ակնկալիքով: Կուսակցությունը Հայաստանի Ռամկավար-ազատական եւ Արմենական կուսակցությունների միավորման համար հունիսի 3-ին կայացած նիստից հետո մեծ վերելք է ապրում եւ մտադիր է ակտիվորեն ներգրավվել ներքաղաքական կյանքին:
Նշենք, որ 2003 թվականից կուսակցությունը չի մասնակցել Հայաստանում ոչ մի ընտրությունների: Վերջին 10 տարիներին ՀԱԿ-ի հետ մի շարք անցանկալի գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում` պառակտում:




























