Փրկարարները գտել են  հունիսի 3-ին Նիգերիայի Լագոս քաղաքի բնակելի թաղամասում վայր ընկած, Dana Air ավիաընկերության պատկանող օդանավի  ձայնագրիչները: 

Տվյալ  ձայնագրիչների վերծանությունը կօգնի մասնագետներին պարզել վթարի հանգամանքները: Ավելի վաղ Նիգերիայի քաղաքացիական ավիացիայի ներկայացուցիչները հայտնել էին, որ օդանավի վթարի պատճառը շարժիչների աշխատանքի խափանումն է եղել:

Dana Air ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ օդանավը կառավարում էր միջազգային անձնակազմը: Օդաչուն ԱՄՆ-ի քաղաքացի էր, երկրորդ օդաչուն` Հնդկաստանի, իսկ բորտինժեներն ինդոնեզացի է եղել, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է, որ ինքնաթիռում եղել են նաեւ այլ ամերիկացի քաղաքացիներ: Բացի դրանից, ավելի վաղ Չինաստանի ներկայացուցիչները հաստատել էին վթարի հետեւանքով իրենց վեց քաղաքացիների մահվան փաստը:

Ըստ վերջին տվյալների` վթարի վայրում գտնվել են 137 մարդու մարմնի մնացորդներ: Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվում էր, որ շենքի փլատակների տակ, ուր ընկել էր օդանավը,  ողջ մարդիկ են հայտնաբերվել:

Նիգերիական Dana Air ավիաընկերության  MD-83-ը, որը թռիչք էր կատարում Աբուջայից Լագոս, ընկել էր օդանավակայանից հյուսիս գտնվող բնակելի թաղամասում, մասերի բաժանվել եւ այրվել: Ընկնելիս նա ջախջախել էր երկհարկանի բնակելի շենքը, որտեղ ապրում էր  40 մարդ: Օդանավում եղել են 153 մարդ, այդ թվում` անձնակազմի 6 անդամներ: