Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հունիսի 5-ին, պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանն այցելել է «Յուրիագե-Հիյորիյամա» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետեւանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք եւ Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ:
Նախագահն իր եւ պատվիրակության անունից ողջունել է աղետից տուժած Սենդայի բնակիչներին եւ նրանց փոխանցել հայ ժողովրդի համակրանքը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մոտ մեկ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի լուրից Հայաստանում ցնցված էին եւ ուշի-ուշով հետեւում ու աղոթում էին Ճապոնիայի ժողովրդի համար: «Այդ ժամանակ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեհանգստյան պատարագ է մատուցվել: Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքներին միացել են հազարավոր հայեր եւ աղոթել բոլոր զոհերի հիշատակի համար:
Մենք գիտակցում եւ ընկալում էինք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Դուք բազմաթիվ հարազատներ ու մտերիմներ եք կորցրել, եւ ես գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի առջեւ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել բարեկամ Ճապոնիայի օգնությունն ու ջերմ վերաբերմունքը, երբ 1988թ. Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում՝ միաժամանակ հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետեւանքները: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ պատմության ընթացքում մեծ արհավիրքների դիմակայած ճապոնացիներն այս դժվարությունն էլ կհաղթահարեն եւ Ճապոնիայի կառավարությունը ժողովրդի հետ միասին կկարողանա լիովին վերացնել աղետի հետեւանքները:
«Ճապոնիայի ժողովուրդն այս փորձությունից ավելի կոփված է դուրս գալու: Ցանկանում եմ, որ բոլորն ունենան իրենց տանիքը, տներում մանկան ճիչ լսվի, ընտանիքները լցվեն ջերմությամբ ու խաղաղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Սենդայում ՀՀ նախագահին ներկայացրել են նաեւ ցունամիի հետեւանքով ավերված օդանավակայանում իրականացված վերականգնողական աշխատանքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ Սենդայից մեկնել է Տոկիո, որտեղ վաղը՝ հունիսի 6-ին, կմեկնարկեն Հանրապետության ղեկավարի հանդիպումները Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ:

































