Քիշնեւում, այսօր` հունիսի 5-ին, տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցել են Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Համաժողովին քննարկվել է 2011թ. սեպտեմբերին Վարշավայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովից հետո գործընկեր երկրներում տեղ գտած բարեփոխումների գործընթացները եւ Արեւելյան գործընկերության «Ճանապարհային քարտեզի» մշակման աշխատանքները: Մտքեր փոխանակվեցին գործընկերության շրջանակներում մինչեւ 2013թ. կայանալիք հաջորդ գագաթնաժողով կատարվելիք միջոցառումների մասին:

Նախարարի տեղակալ Մնացականյանն իր խոսքում ողջունել է Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության այս նոր ձեւաչափը, ինչը կարող է լինել աշխատանքային միջավայրում տեղեկատվության պարբերաբար փոխանակման եւ համատեղ նախաձեռնությունների ներկայացման արդյունավետ լրացուցիչ հարթակ: Փոխնախարարն անդրադարձ է կատարել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակին եւ Արեւելյան գործընկերության հեռանկարներին:

Համաժողովի շրջանակներում Զ. Մնացականյանն երկկողմ հանդիպումներ եւ շփումներ է ունեցել իր գործընկերների եւ ԵՄ պաշտոնյաների հետ: