Երբ Ռուսաստանում անհավատալի աստիճանի բարձրացած դոլարի փոխարժեքն սկսել է անկում ապրել, գործարար Սամվել Հովհաննիսյանը որոշել է փոխանակել իր ունեցած 250 հազար դոլարը, սակայն փոխանակման կետի աշխատակիցը կողոպտել է նրան եւ փողերի հետ միասին փախել:
Կրասնոդարի «Սան Լազանո» ռեստորանի սեփականատերը իր բոլոր գումարները տանն էր պահում:
Հովհաննիսյանը համացանցի միջոցով մի փոխանակման կետ է գտել, որտեղ դոլարը փոխանակում են 33,4 ռուբլի փոխարժեքով: Նա փոխանակման կետի աշխատակցին է տվել իր ունեցած 250 հազար դոլարը, վերջինս էլ խնդրել է մեկ րոպե սպասել ու դուրս է եկել:
10 րոպե անց Հովհաննիսյանն սկսել է անհանգստանալ եւ զանգահարել է այդ աշխատակցին: Վերջինս խոստացել է, որ շուտոկ կլինի, հաղորդում է Life News-ը:
«Ձայնից ես հասկացա, որ նա արդեն փողոցում է, հետո նկատեցի, որ փոխանակման կետը դրսից փակ է եւ անմիջապես զանգահարեցի ոստիկանություն»,-պատմել է հայ գործարարը:
Ոստիկանությունը փնտրում է «ճարպիկ» աշխատակցին, սակայն դեռ չի հայտնաբերել:




























