Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել ԵՄ-ին Ադրբեջանի դեմ բանաձեւ ներկայացնել, որպեսզի դադարեցվի Հարավային Կովկասի միլիտարիզացիան: Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է Բրյուսելում,  European Voice թերթին տված հարցազրույցում:

Սարգսյանի խոսքով, , ԵՄ-ն պետք է հռչակագիր ընդունի, որը ենթադրում է, որ ԼՂ կարգավիճակի շուրջ վեճը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Հայաստանի վարչապետը կարծում է, որ ԵՄ-ն պետք է սպառնա Ադրբեջանին պատժամիջոցներով` ուժի կիրառման դեպքում, ինչպես նաեւ բացատրի, թե կոնկրետ ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը:

Տիգրան Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, ընդգծելով, որ Հայաստանը բավական ուժեղ է, որպեսզի պահպանի ուժերի հարաբերակցությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է):

Զոհված զինվորներն են Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել:

Նշենք նաեւ, որ վիրավորներից երեքին տեղափոխել են Երեւան: