Ըստ վերջին տվյալների` Իտալիայում մայիսի վերջին տեղի ունեցած երկրաշարժնեի զոհ են դարձել 26 մարդ: Նախկինում հաղորդվել էր 25 զոհերի մասին:
Հունիսի 5-ի երեկոյան Մոդենա քաղաքի հիվանդանոցում վախճանվել էր մի կին, որին մեկ շաբաթ առաջ փրկարարները հանել էին Կավեցո գյուղի բնակելի տան փլատակների տակից: Այնտեղ տուժածն անցկացրել էր 12 ժամ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոլոնիայի հիվանդանոցում վախճանվել է մեկ այլ կին:
Ծանր վիճակում է գտնվում նաեւ մի տղամարդ: Նա լուրջ վնասվածքներ էր ստացել 7 օր առաջ, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ երկու ավերիչ երկրաշարժ` 6,0 եւ 5,8 բալ ուժգնությամբ, տեղի են ունեցել իտալական Էմիլիա Ռոմանիա շրջանում` մայիսի 20-ին եւ 29-ին: Առաջին երկրաշարժը խլել էր 7 մարդու կյանք, երկրորդի ժամանակ զոհվածների թիվը հասել էր 19-ի:
Ընդհանուր առմամբ 400 մարդ վիրավորվել էր եւ շուրջ 15 հազար իտալացիներ մնացել էին առանց տանիքի, իսկ շրջանի տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 5 միլիարդ եվրո:
Ընդ որում, ստորերկրյա ցնցումներն Իտալիայի հյուսիսում չեն դադարում մինչ այժմ: Անցած 16 օրվա ընթցաքում գրանցվել է 638 երկրաշարժ:


























