Ամերիկյան ֆոնդային NASDAQ բորսան փոհատուցում է կորուստների մի մասը, որոնք բրոքերական ընկերությունները կրել են Facebook սոցցանցի բաժնետոմսերի աճուրդի ժամանակ համակարգիչների խափանման պատճառով:
Facebook-ի բաժնետոմսերի աճուրդն մայիսի 18-ին սկսվել էր 25 րոպե ուշացումով` տեխնիկական անսարքությունների հետեւանքով: Արդյունքում շատ ներդրողներ երկու ժամից ավելի չեն իմացել իրենց պատվերների կարգավիճակը, իսկ նրանցից մի քանիսը կորուստներ են ունեցել:
Բրոքերների ընդհանուր կորուստները կազմել են մոտ 100 մլն դոլար, այն դեպքում, երբ բորսայի փոխհատուցման ֆոնդը 13 մլն դոլար է:
Սպասվում է, որ հունիսի 6-ին NASDAQ-ը ԱՄՆ-ի բորսաների եւ արժեթղթերի հանձնաժողովին կտեղեկացնի այն մասին,թե ինչ ծավալով կկատարի վճարումները, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Wall Street Journal-ին:
Ավելի վաղ բորսաների կարգավորման դաշնային ծառայությունը սկսել էր սեփական հետաքննությունը այն բանի, որ NASDAQ-ը, չնայած առկա խնդիրների, չի հետաձգել սոցցանցի աճուրդի սկիզբը: Բորսայի դեմ դատական հայցեր են ներկայացրել նաեւ մի քանի անհատ ներդրողներ:



























