ԱՄՆ-ում հաստատել են Պակիստանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով «Ալ Կաիդայից» երկրորդ անձի` Լիբիայի բնակիչ Աբու  Յահյա ալ Լիբիի զոհվելու մասին լուրը:

Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, հաղորդում է, որ  ալ Լիբին  «Ալ Կաիդայի» ամենափորձառու եւ բազմակողմանի առաջնորդներից է: Հենց նա է առանցքային դեր խաղացել Արեւմուտքի վրա հարձակումները ծրագրելիս»:

2009թ. ՀԴԲ-ն 1 մլն դոլար էր խոստացել ալ Լիբիի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն հաղորդողին: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եթե ալ Լիբիի մահվան փաստը հաստատվի, դա ԱՄՆ-ի ամենանշանակալի հաջողությունը կդառնա «Ալ Կաիդայի» դեմ պայքարում` «թիվ 1 ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացումից հետո, գրում է  «Ռոսբալտը»:

Երկու օր առաջ ՆԱՏՕ-ի անօդաչու թռչող սարքերը նպատակային հարվածների շարք են տեղացել Պակիստանի Հյուսիսային Վազիրստան նահանգում: Երկրի իշխանությունների տվյալներով` հարձակման արդյունքում ընդհանուր թվով 24 մարդ զոհվել է:

Հունիսի 5-ին Սպիտակ տան աղբյուրները հաղորդել էին, որ ավիահարվածի թիրախ է եղել ալ Լիբին: