2013թ նախագահական ընտրություններին «Ժառանգությունը», ամենայն հավանականությամբ, կունենա իր թեկնածուն: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե խնդիրն այն է, թե կուսակցությունը ում կտեսնի այդ թեկնածուի դերում: Նրանք կողմնակից են այլընտրանքային, ընդդիմադիր, համախմբող միասնական թեկնածու ունենալուն, սակայն «այս պահին ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից ավելի խարիզմատիկ թեկնածու չկա»:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրմանը նրանք կանդրադառնան ավելի ուշ: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրման մասին տեդեկություններին, ապա Արմեն Մարտիրոսյանի համար նախընտրելի է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը:
«Ժառանգության» անդամը տեղեկացրեց նաեւ, որ աշնանը կանդրադառնան Րաֆֆի Հովհաննիսյանի՝ մանդատը վայր դնելուն. «Քաղաքական դաշտը ամռան ընթացքում բուռն փուլ է անցնելու, սեպտեմբերից սկսելու է ոչ պաշտոնական քարոզարշավը, մինչ այդ պետք է որոշակի հարցերի պատասխաններ լինեն»,- նշեց նա:
Անդրադառնալով «Ժառանգության» համագումարին՝ նա կարեւորեց վարչության ընտրությունը, խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի թեկնածությունների առաջադրումը:
Նախկին պատգամավորը տեղեկացրեց, որ կշարունակի իր դասախոսական գործունեությունը, իսկ Ստեփան Սաֆարյանը փորձագիտական գիտելիքները կներկայացնի հանրությանը:




























