Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հավանություն է տվել կազմակերպված զանգվածային միջոցառումների ընթացքում տեղ գտած խախտումների դեպքում պատժամիջոցների խստացման մասին Պետդումայի ընդունած օրենքին: Այժմ փաստաթուղթը պետք է ներկայացվի նախագահի ստորագրմանը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է ստորագրելուց առաջ բոլոր դիմումները վերանայելու պատրաստակամության մասին:
Փաստաթղթի օգտին քվեարկել են 132 սենատորներ, դեմ` 1, եւս մեկը ձեռնպահ է մնացել:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ըստ օրինագծի` զանգվածային ակցիաներում խախտումների համար տուգանքները կավելացվեն 300 հազար ռուբլի քաղաքացիների համար (որպես այլընտրանք կարող են կիրառվել հարկադիր աշխատանքներ` մինչեւ 200 ժամ ժամկետով), 600 հազար ռուբլի պաշտոնատար անձանց համար, մինչեւ 1 միլիոն ռուբլի իրավաբանական անձանց համար:
Գիշերը Պետդուման 11-ժամյա քննարկումից հետո երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ օրինագիծ է ընդունել հանրահավաքների մասին «Եդինայա Ռոսիա» կուսակցության ձայներով: Փաստաթղթին «կողմ» են քվեարկել 241 պատգամավոր, «դեմ»` 147:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Պետդումայում օրինագծի վերանայման ընթացքում հունիսի 5-ին պատգամավոր-էսեռներն անցկացրել էին այսպես կոչված «իտալական գործադուլ»` առանձին քվեարկության դնելով առաջարկված 300 փոփոխություններից յուրաքանչյուրը:




























