Ադրբեջանը թաքցնում է սեփական սադրիչ գործողությունների ընթացքում կրած կորուստների իրական թիվը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն, այօսր` հունիսի 6-ին, մամուլի ասուլիսում: Ավելի վաղ հաղորդվել էր, ադրբեջանական կողմը դիվերսիայի մի քանի փորձեր է ձեռնարկել, զուգահեռ ավելացել են հրադադարի ռեժիմի խախտումները:

Փորձագետը նշել է, թե ադրբեջանական կողմի ակտիվացման եւ հանդիպումների, այս դեպքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի, հետ փոխկապակցվածության մասին բազմիցս է նշվել: Նաեւ շատ է խոսվել, որ նման գործողություններով ալիեյան կլանը փորձում է ներքաղաքական խնդիրներից «սլաքները տեղափոխել» ղարաբաղյան հակամարտության վրա:

«Այս փուլում հատկանշական է հանգամանքը, որ ադրբեջանական կողմը գրեթե միանգամից հայտարարեց կորուստների մասին, այլ ոչթե թաքցրեց եւ փուլ առ փուլ ներկայացրեց տեղեկատվությունը»,- նշել է փորձագետը` հավելելով, որ հենց դա խոսում է մեծ կորուստների մասին, այնպիսին, որ հնարավոր չի եղել թաքցնել: Փորձագետը չի բացառել նոր սադրանքների հավանականությունը:

«Դա ցույց է տալիս, թե որքանով է Ալիեւների կլանը «հարգում» սեփական բանակը»,- նշել է փորձագետը:

Նշենք, որ վերջին օրերին մի քանի դիվերսիաներ են եղել: Հունիսի 4-ի, լույս 5-ի գիշերը ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհվել են 3, վիրավորվել 6 հայ զինծառայողներ: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ կրելով, նահանջել են: