Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ստորագրի հանրահավաքների ընթացքում խախտումների մասին օրենքը միայն այն դեպքում, եթե այն հակասի եվրոպական սկզբունքներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պուտինը սկզբունքայնորեն դեմ կլինի եւ կառարկի միայն այն դեպքում, եթե այդ օրենքը հակասի այլ երկրներում համընդհանուր եւ կիրառելի օրինակներին, որոնք վերաբերում են քաղաքացիների այն իրավունքների իրականացմանը, որոնց մասին խոսվում է այդ օրենքում», - ասել է Պեսկովը եւ հստակեցրել, որ առաջին հերթին խոսքը եվրոպական երկրների մասին է, հաղորդում է REGIONS.RU-ն:
«Պուտինը սկզբունքորեն ելնում է այն հանգամանքից, որ ինչպես եւ այլ երկրներում, առաջին հերթին` Եվրոպայում, օրենքը չպետք է սահմանափակի ժողովրդավարությունը, քաղաքացիների իրավունքն ու ազատությունը, պետք է հաշվի առնել եւ ապահովել հասարակության բոլոր անդամների շահերը», - նշել է Ռուսաստանի ղեկավարի մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ի երեկոյան Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որը խստացնում է պատիժը հանրահավաքների եւ այլ զանգվածային ակցիաների ժամանակ խախտումների դեպքում: Հունիսի 6-ին փաստաթղթին հավանություն է տվել Դաշնային խորհուրդը:




























