Հայաստանն այսօր մի կողմից գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կողմից միջազգային սանկցիաներն Իրանի դեմ խոչընդոտում են մեր տնտեսության դիվերսիֆիկացիային: Այս մասին Բրյուսելում, Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ելույթ ունենալուց հետո ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սագսյանը` պատասխանելով եվրոպացի, թուրք եւ ադրբեջանցի քաղաքագետների, լրագրողների եւ վերլուծաբանների հարցերին:

Ադրբեջանցի վերլուծաբաններից մեկը, մասնավորապես, հարցրել է, թե ինչու է Հայաստանը ներքին բարեփոխումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորում Թուրքիայի հետ հարաբերություններով:

«Դա նշանակում է, որ մենք մեծ ռեսուրսներ ենք ծախսում մեր երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսության դիվերսիֆիկացիայի համար: Բարեփոխում նշանակում է մարդկանց վարվելականոնների փոփոխություն եւ դուք ձեր հասարակության ներսում պետք է լուրջ ջանքեր գործադրեք, որպեսզի փոխեք նրանց վարվելականոները: Դա նշանակում է լուրջ ջանքեր, տեխնիկական, ֆինանսական, ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի իշխանությունն այդ փոփոխություններն իրականացնի: Ցավով, մենք այդ ռեսուրսներն օգտագործում ենք այլ նպատակներով, եւ Թուրքիան դա շատ լավ գիտակցում է եւ դրա համար էլ շարունակում է շրջափակումը: Նրանք ասում են, որ այդ շրջափակումը շարունակում են, քանի որ բարեկամ Ադրբեջանը ճիշտ չի հասկանա Հայաստանի հետ իրենց հարաբերությունների լավացումը:

Այնպես, որ կապը բարեփոխումների եւ աշխարհաքաղաքական իրավիճակի միջեւ առկա է»,- ասել է Տ. Սարգսյանը: