Ղազախստանցի սահմանապահ Վլադիսլավ Չելախը, ով Ղազախստանի սահմանային ուղեկալի հրդեհից միակ ողջ մնացածն է, իրեն մեղավոր է ճանաչել ծառայակիցների սպանության մեջ:

Այդ մասին  «Ինտերֆաքսին» հայտնել է շրջանային վարչակազմի աղբյուրը: Թե ինչպես է զինծառայողին հաջողվել ոչնչացնել ավելի քան 10 մարդու, վարչակազմի ներկայացուցիչը չի ճշտել: 

Ղազախստանի ՆԳՆ-ի աղբյուրը Life News-ին պատմել է, որ տղան, ով զանգվածային սպանդից հետո կորցրել էր խելքը, դժվարությամբ է հիշում  կատարվածի մանրամասները: 

Հաստատվել էր, որ բոլոր զոհվածները պառկած են եղել անկողիններում: Բոլորը զոհվել են քնի մեջ: Նրանց գտել էին հրազենային վնասվածքներով 2 օր անց, երբ սահմանապահ կայանից կորել էր կապը: 19-ամյա սահմանապահը որոշել էր կայանն այրել, որպեսզի թաքցներ հանցագործության հետքերը, իսկ ինքը փախել էր:

Ողբերգությունից 6 օր անց Վլադը վերադարձել էր զորամաս: Տղան քաղաքացիական համազգեստ է հագած եղել, նրա մոտ եղել է ջոկատի հրամանատարի զենքը:

Ըստ նախնական տեղեկության` այդ ամբողջ ընթացքում նա թաքնվել էր քարանձավում եւ թույլ էր: Կասկածի տակ է առնվել նաեւ երիտասարդի հոգեկան առողջությունը: