Քալիֆորնիայում հայտնի են դարձել փրայմերիզի նախնական արդյունքները, որոնց համաձայն, առաջատարը խորհրդարանի գործող անդամներն են: Այս մասին հաղորդում է Glendale News-Press-ը:

Կոնգրեսական Ադամ Շիֆը 28-րդ օկրուգում առաջ է անցել իր 6 մրցակիցներից` հավաքելով ընտրողների 58,56 տոկոսը: Երկրորդ տեղում հանրապետական Ֆիլ Ջեներջանն է` 18 տոկոսով:

Երկու առաջատար թեկնածուները նոյեմբերին կմասնակցեն ընտրություններին` անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից:

30-րդ օկրուգում կոնգրեսական Բրեդ Շերմանը (39,39 տոկոս) առաջ է անցել կոնգրեսական Հովարդ Բերմանին (33,92 տոկոս):

Օրենսդիր մարմնի անդամ Մայք Գաթթոն մի փոքր առավելություն է ունեցել Գլենդելի դպորցների խորհրդի («Glendale Unified School District») հին անդամ Գրեգ Գրիգորյանի նկատմամբ:

«Մենք ոգեւորված ենք առաջին արդյունքներով: Դրանք վկայում են մեր համայնքի 22-ամյա աշխատանքի արդյունքների մասին: Մենք գիտենք, որ դա երկար ճանապարհ է»,-ասել է Գրիգորյանը, հավելելով, որ հիմա նախատեսում են կենտրոնանալ հաղթանակի վրա` նոյեմբերյան ընտրություններում: