Պեկինում բացվել է Շանհայական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ընդլայնված նիստը:
Նախօրեին տեղի էր ունեցել ՇՀԿ-ի պետությունների ղեկավարների հանդիպումը նեղ շրջանակներում, ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյի անունից պաշտոնական ճաշ եւ հանդիսավոր համերգ:
Ըստ «Մայակի» տվյալների` սպասվում է , որ գագաթաժողովում կքննարկեն տարածաշրջանային անվտանգությունը: Նախատեսվում է ստորագրել կազմակերպության անդամ երկրների միջեւ համագործակցության ծրագիր ահաբեկչության, անջատականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ` մինչեւ 2015 թվականը: Այն նախատեսում է նաեւ այդ սպառնալիքների ֆինանսավորման դեմ միջոցառումներ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 7-ին գագաթաժողովում կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, որպեսզի քննարկի այդ երկրի միջուկային հիմնախնդրի կարգավորումը: Այդ մասին հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: ՇՀԿ-ի գագաթաժողովի ավարտից հետո նախագահը Պեկինից այցով կուղեւորվի Ղազախստան:



























