Իտալիայում ձերբակալել են Բրինդիզի քաղաքի դպրոցում պայթյունի իրագործման կասկածյալին: Ձերբակալվել է վառելանյութի պահեստի 68-ամյա տերը, որի անունը չի հրապարակվում հետաքննության շահերից ելնելով:

Հետաքննությունը պարզել է, որ կասկածյալն ահաբեկիչ չէ եւ գործել է անձնական վրեժից դրդված, հայտնում է rbc-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Իտալիայի հարավում գտնվող Բրինդիզի քաղաքում մայիսի 19-ի առավոտյան պայթյուն էր որոտացել: Այն տեղի էր ունեցել  տեղական ժամանակով ժամը 08:00-ին, երբ աշակերտները դասի էին գնում: Զոհվել էր երկու մարդ, 8-ը` վիրավորվել: 

Տեղական քննիչները կարծում են, որ պայթյունի հետեւում կարող է մաֆիան կանգնած լինել: Լիցեյն անվանակոչված է դատավոր Ֆրանչեսկա Մորվիլո Ֆալկոների` մաֆիայի դեմ պայքարող հանրահայտ մարտիկ Ջովանի Ֆալկոնեի կնոջ պատվին: Նրանք 1992 թվականի մայիսի 23-ին Պալերմոյում միասին զոհվել էին մեքենայի պայթյունի հետեւանքով: Մայիսի 19-ին Բրինդիզինի պետք է ժամաներ «հիշատակի քարավանը»` նվիրված ամուսնական զույգի վախճանի 20-ամյա տարելիցին: