Իրանական խնդրի ուժային լուծման հետեւանքները անկանխատեսելի են, նման փորձերն սպառնում են տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությանը, ասվում է Պեկինում ավարտված  ՇՀԿ-ի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում:

«Անդամ պետությունները լուրջ մտահոգված են Իրանի շուրջ իրադրությամբ, որը դիտորդի կարգավիճակ ունի ՇՀԿ-ում: Նրանք կարծում են, որ ուժային մեթոդներով իրանական խնդիրը լուծելու ցանկացած փորձ անընդունելի է եւ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների` սպառնալով տարածաշրջանում եւ աշխարհում կայունությանը եւ անվտանգությանը», - ասված է հռչակագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՇՀԿ-ի երկրները կոչ են արել բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափել հայտարարություններից եւ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա  հակամարտության: ՇՀԿ-ի երկրները կողմ են «վեցյակի» եւ Իրանի միջեւ  հաստատուն բանակցությունների գործընթացին` քաղաքական, դիվանագիտական մեթոդներով եւ բանակցություններով իրանական միջուկային խնդիրը կարգավորելու նպատակով:

Նախօրեին ՇՀԿ-ի անդամները հայտարարել էին, որ  պատրաստ են վերանայել Իրանի հայտը կազմակերպությունում ընդգրկվելու մասին,  եթե այդ երկրից հանվեն միջազգային պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Իրանի միջուկային ծրագրի հետեւանքով:

ՇՀԿ-ի մեջ մտնում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը եւ Պակիստանը: ՇՀԿ-ի գործընկերների կարգավիճակ ունեն Բելառուսը եւ Շրի Լանկան: