ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն այսօր` հունիսի 7-ին, հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են Բակո Սահակյանին:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

ԼՂՀ նախագահական ընտրությունների շեմին պահն է հասել անցած հինգ տարիներին ԼՂՀ-ի ունեցած հաջողություններն ու անհաջողությունները վերաիմաստավորելու եւ դրանց շուրջ մտորելու:

Անշուշտ, կան ձեռքբերումներ, առաջընթաց, բարոյահոգեբանական մթնոլորտի նոր որակ: Հինգ տարիների ընթացքում համատեղ ջանքերով կարողացել ենք իրականացնել ԼՂՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական բարեփոխումներ, տեղի է ունեցել իշխանության թեւերի տարանջատում, խորացել են զսպման եւ հակակշռման մեխանիզմները, որի հետեւանքով առաջընթաց է գրանցվել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարում, իրականացվել է նպատակաուղղված քաղաքականություն սոցիալական ոլորտում եւ տնտեսական զարգացման ուղղությամբ, Արցախի արտաքին քաղաքականության ասպարեզում դրսեւորվել է հայանպաստ կարծր կեցվածք:

Սակայն նկատելի են նաեւ լուրջ բացթողումներ ու չիրականացած խոստումներ: Մեր առջեւ ծառացած հիմնախնդիրների հաղթահարումը մեզնից պահանջում է վերափոխելու երկրում ստեղծված քաղաքական համակարգը: Անհրաժեշտ է որդեգրել նոր սկզբունքներ եւ ցուցաբերել նոր մոտեցումներ: Համոզված ենք, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի պահպանել այն վստահությունն ու ոգեւորությունը, որին ականատես եղանք նախորդ նախագահական ընտրությունների նախաշեմին:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, բազմակողմանիորեն քննարկելով ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրությունների հարցը եւ անցկացնելով զանազան խորհրդակցություններ, որոշում է կայացրել նախագահական ընտրություններին սատարել ԼՂՀ գործող նախագահ Բ. Սահակյանին` համոզված լինելով, որ չի սպառվել միասնական ջանքերով աշխատելու հնարավորությունը եւ վստահ լինելով, որ Բ. Սահակյանը կդրսեւորի հարկ եղած վճռակամություն եւ քաղաքական կամք` հաղթահարելու երկրի զարգացմանն արգելակող բոլոր խոչընդոտները:

Ցավով պետք է հայտնել, որ չնայած անցյալ տասը տարիների համատեղ գործակցության, նախագահի թեկնածու Վ. Բալասանյանի հետ մեր համագործակցությունը դադարեցվում է` չկայացած համաձայնությունների պատճառով:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն ակնկալում է, որ Բ. Սահակյանը հավատարիմ կմնա հետեւյալ սկզբունքներին, որով եւ պայմանավորված կլինի մեր հետագա համագործակցությունը.

1. Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում ոչ մի դեպքում չցուցաբերել զիջողական կեցվածք ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի իրավունքների իրականացման հարցում:

2. Համազգային եւ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը քննարկել ԼՂՀ գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ:

3. Քաղաքական եւ տնտեսական ոլորտներում խուսափել խտրական մոտեցումներից` ապահովելով օրենքի գերակայությունը:

Հարկ է նշել, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր աջակցությունն է հայտնում գործող նախագահին` նկատի ունենալով միջազգային եւ տարածաշրջանային իրադարձությունները, որի արդյունքում օր առաջ անհրաժեշտություն է դառնում համայն հայության ուժերի լարումն ու միասնական կամքի դրսեւորումը, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդանշական դերն ու ազդեցությունը համահայկական հարցերի ուղղությամբ` դրսեւորելով հայ ժողովիդի պահանջատիրական կեցվածքը»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին: