ԵԱՀԿ տարածքում ձգձգված եւ չլուծված հակամարտությունները շարունակում են լուրջ սպառնալիք մնալ անվտանգության եւ կայունության համար: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիտվացի պատգամավոր Վիլի Ալեքնայթե-Աբրամիկինեի զեկույցում` պատրաստված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանի համար, որը  հուլիսի 5-9-ը տեղի կունենա Մոնակոյում:

Զեկույցում շոշափվում է ղարաբաղյան հիմնահարցը: «Դժբախտաբար, ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մարդկային կյանքեր խլել շփման գծում, եւ այդ տարածաշրջանում լարվածությունը նախկինի պես մնում է արտակարգ բարձր», - ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ աշխատում են խաղաղության հասնելու ծրագրի մշակման վրա: Տվյալ պահին հենց կողմերը պետք է աշխատեն կարգավորել հակամարտությունը եւ համաձայնության գալ:

«Առաջին կարեւոր քայլը հրադադարի մասին  համաձայնագրի պահպանումն ու դիպուկահարների դուրսբերումը: Նաեւ կարեւոր է, որպեսզի համակողմանի հետաքննություն անցկացվի հիմնախնդրի հետ կապված  պատահարների դեպքում: 2011 թվականի դեկտեմբերի 7-ին Վիլնյուսում արված համատեղ հայտարարությունից հետո Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդրում խաղաղության կարգավորման ձեռքբերման կարեւորությունը», - նշվում է զեկույցում: