Ռուսաստանը միշտ էլ աջակցել է ատոմային էներգիայի օգտագործման Իրանի իրավունքը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Պեկինում ՇՀԿ-ի շրջանակներում իրանական իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք միշտ էլ աջակցել ենք իրանական ժողովրդի իրավունքը ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ, այդ թվում նաեւ ատոմային էներգիայի խաղաղ կիրառմանը: Սակայն ես ուզում եմ ընդգծել` հենց խաղաղ կիրառմանը», - նշել է Պուտինը, հաղորդում է rbc-ն:
«Մենք գիտենք եւ Ձեր դիրքորոշումները, եւ իրանական ողջ ղեկավարության դիրքորոշումը, այն է` Իրանը միջուկային զենք չի ստեղծում, մենք հիմնվում ենք հենց դրա վրա», - ասել է ռուս նախագահը:
Իր հերթին Ահմադինեժադը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է զարգացնեն համագործակցությունը, այդ թվում` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ազդեցության աճն Ասիայում:
«Այսօր տարածաշրջանում եւ աշխարհում իրավիճակն այնպես է դասավորվում, որ պահանջում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ավելի լուրջ եւ ավելի լայնածավալ համագործակցություն:
Այլ կերպ ասած, Ռուսաստանը եւ Իրանն այժմ գտնվում են բարիկադների նույն կողմում: Եւ կան մարդիկ, որոնք ելույթ են ունենում ինչպես Ռուսաստանի,այնպես էլ Իրանի առաջընթացի եւ զարգացման դեմ: Մանավանդ այժմ, երբ ՆԱՏՕ-ն իր հայացքը հառել է Արեւելք, մեր համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը», - ասել է Իրանի նախագահը:




























